Սեյրան Օհանյանի ղեկավարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը խորհրդարանում հայտնվելուց հետո ընդդիմադիր բոլոր ուժերին առաջարկում է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել՝ բացառելով ՀՀԿ-ին: «Հանրապետականի կողմից բանեցվող ընտրախախտումները և բռնությունները, Ջրառատում իրականացված հանցագործությունը, իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի վաղաժամկետ մահը լցրել են Հայաստանի ժողովրդի համբերության բաժակը»,- հայտարարության մեջ նշում է ՕՐՕ դաշինքը՝ շեշտելով, թե «Հանրապետականի» իշխանությանը մնացել է ընդամենը երկու շաբաթվա կյանք: Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքն առաջարկում է մինչև ընտրությունները միասնաբար քննարկել և ստորագրել համապատասխան հուշագիր: Դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ, հաշվի առնելով հասարակության տրամադրությունները, իրենք առաջարկում են քաղաքական ուժերին այսօրվանից պայմանավորվել, որ ընտրություններից հետո որևէ մեկը ՀՀԿ-ի հետ իշխանություն չի կազմի՝ այդպիսով զրկելով իշխող ուժին կրկին իշխանության գալու հնարավորությունից:
«Բոլորին է սա վերաբերվում: Եվ ես կարծում եմ, ակնհայտ է, որ որևէ քաղաքական ուժ այս տարիների ընթացքում, կոալիցիայի մեջ է եղել, չի եղել, իրենք ընդամենը, ցավոք սրտի, կցորդ են եղել, որոշող չեն եղել: Եվ հենց դա էլ են միշտ ասել՝ մենք իշխանության մեջ լինելով, որոշում կայացնող չենք: Հիմա եկել է ժամանակը, որ բոլորով միասին որոշում կայացնող դառնանք և երկիրը այս ճգնաժամային վիճակից դուրս բերենք: Եթե չստորագրեն, ընդամենը մի բան կարող է ցույց տալ, որ իրենք հետագայում չեն կարող բացառել ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելը»,- հավելեց Մարտիրոսյանը:
Արձագանքելով առաջարկին՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրություններից հետո երբևէ մաս չի կազմի որևէ կոալիցիայի, որտեղ կլինի ՀՀԿ-ն։
«Մեկ ուժի, այն է՝ ՀՀԿ-ի հետ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ բացառում է հետընտրական որևէ համագործակցություն որևէ ձևաչափով, և այդ մասին երևի թե օրը հարյուր անգամ հայտարարում եմ ես, և այդ մասին հայտարարել է նաև Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ ինքն իր անունն ու պատիվը չի վաճառում»,- ասաց Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու՝ ՕՐՕ դաշինքի առաջարկին, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, իրենք այդ հարցը դեռևս չեն քննարկել։ Հարցին անդրադառնալը իմաստ կունենա, երբ պարզ կլինի, թե ընդդիմադիր դաշտի որ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն նոր խորհրդարանում:
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ դաշինքի քաղաքական խորհուրդը կքննարկի Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի առաջարկը, սակայն այն խիստ տեսական և քիչ հնարավոր է համարում։
«Այսինքն՝ ես համարում եմ, որ «Ծառուկյան» դաշինքը համապատասխան իրավիճակում, եթե այդպիսի խնդիր առաջանա, միանշանակ կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ, ոչ թե մյուս ուժերի հետ։ Ես նկատի ունեմ նաև դաշնակցությանը, որ կվարվի այդպես, ես նկատի ունեմ «Հայկական վերածնունդին»: Հետևաբար այս թեման այնքան տեսական է: Ես բացառում եմ, որ Հայաստանում մեծահարուստ մարդը լինի ընդդիմություն: Դա անհնարին է: Նույնիսկ կաթի մթերման կոմբինատը, եթե ՀՀԿ-ին չի պաշտպանում, չի կարող իր գործունեությունը ծավալել, ուր մնաց էդքան սեփականություն ունեցող մարդը կարողանա լինել ընդդիմություն: Ես այն կարծիքին եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտել է քաղաքական դաշտ՝ մեր քվեները տանելու, ոչ թե ՀՀԿ-ի»,- ասաց Արամ Սարգսյանը։
«Ելք» դաշինքի համապետական ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասել է, որ հարցը պետք է քննարկել ընտրություններից հետո. «Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում, թե դա հիմա ինչպես է հնարավոր իրականացնել։ Ասեմ ավելին՝ մենք քաղաքական սերնդափոխության կողմնակից ենք։ Մենք չենք տեսնում, որ, օրինակ, Օսկանյանը կամ Օհանյանը կրկին նախարար լինեն։ Մենք նոր մարդկանց ենք բերում քաղաքականություն։ Մենք տասը տարի արտգործնախարար կամ պաշտպանության նախարար եղած անձանց կրկին իշխանության մեջ չենք տեսնում։ Կարող են խորհրդատուներ լինել, բայց սպասվող կառավարության մեջ կոնկրետ այդպիսի մարդկանց չեմ տեսնում»,- փոխանցեց Մարուքյանը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեռևս անցած տարվա ելույթներից մեկում հնչեցրած խոսքերը՝ «ՀԱԿ-ը որևէ պարագայում կոալիցիա չի կազմի ՀՀԿ-ի հետ»:
ՕՐՕ դաշինքի առաջարկը Զուրաբյանը համարում է վաղաժամ է. «Մնացած ուժերի հետ ինչ ենք անելու կամ չենք անելու, ես կարծում եմ, էս խոսակցությունները նախօրոք անիմաստ են: Առավել ևս, որ դեռ պարզ էլ չի, թե որ քաղաքական ուժը իրենից ինչ է ներկայացնում, ինչով է զբաղված: Ես հիմա չեմ ուզում անուններ տալ, բայց ես համարում եմ, որ ընտրակաշառքի բաժանումը պիտի արգելվի ոչ միայն ՀՀԿ-ի համար: Ցանկացած կուսակցություն, անունը ՀՀԿ է, թե ոչ, եթե զբաղվում է ընտրակաշառքների բաժանմամբ, մեր ազգի թշնամին է: Էդ կուսակցությունը իշխանության մաս է կազմում իրականում, որովհետև ոչ ոք չի կարող ընտրակաշառք բաժանել, եթե այդ բաժանմանը չեն հովանավորում իրավապահ մարմինները: Ես էլ չեմ ուզում հիմա դատախազի դեր ստանձնել, թող ընտրությունները անցնեն, տեսնենք` ով իրեն ոնց է պահել, ինչքանով ճիշտ են բոլոր այս տեղեկությունները, ով է կաշառք բաժանել, ով չի բաժանել, ով ինչ մեթոդներ է կիրառել՝ օրինական, ոչ-օրինական: Այդ ամեն ինչը, պատկերը պարզ կլինի, հետո կխոսենք»: